Դեմոկրատները Սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը ԱՄՆ նախագահին կարգելի հարձակվել Կուբայի վրա՝ առանց Կոնգրեսի հավանության՝ հաղորդում է Associated Press-ը։ «Ըստ Սահմանադրության՝ միայն Կոնգրեսը կարող է պատերազմ հայտարարել, սակայն նա գործում է, ենթադրելով, թե կարող է ռազմական գործողություններ հրահրել Կարիբյան ավազանում, Վենեսուելայում և Իրանում՝ առանց Կոնգրեսի թույլտվության և ամերիկյան ժողովրդին առանց իր գործողությունների համար որևէ բացատրության»,- ասվում է հայտարարության մեջ։               
 

Ոնց էլ շպրտես՝ կատվի նման թաթերին է կանգնում

Ոնց էլ շպրտես՝ կատվի նման թաթերին է կանգնում
13.03.2026 | 18:29

Տեսնես կլինի՞ մի հինգշաբթի, որ օրվա լրահոսում կարդանք. «ԶԼՄ-ները բոյկոտեցին կառավարության նիստին հաջորդող ճեպազրույցները»: Ա՜յ թե ցնցակաթված կլիներ վարչախմբի ու դրա պարագլխի համար: Եվ ինչու՞ միայն հինգշաբթի, ցանկացած օր կարելի է բոյկոտել սրա ու սրանց մասնակցությամբ որևէ միջոցառում՝ թողնելով անձնական օգտագործման լրատվամիջոցների ու մասսայական տեսարաններ ապահովող «ռուսլանների» հույսին: Միևնույն է, ինչ սուր հարցեր էլ տաք, կատվի նման սա մեջքը գետնին տվողը չի, թաթերի վրա է կանգնելու միշտ, դեռ մի բան էլ մռլտա վրաներդ, թե նախկինների պատվերով եկել-մխտռում եք իրենց «ինքնիշխան» գործունեությունը:

Չէ, միամիտ չեմ, մեդիա-համքարության խոհանոցն էլ գիտեմ, միջանցքն ու հյուրասենյակն էլ, դեռ արտաքնոցն էլ՝ վրադիր, բայց անհնարինը ակնհայտ տեսնելու ցանկությունը գլուխ է բարձրացնում երբեմն ու ստիպում մտածել, թե լրատվական դաշտում եղանակ ստեղծող գործընկերներս մի օր էդ բոյկոտ կոչվածն իրոք գլուխ կբերեն: Թեկուզ՝ սեփական գլխից վեր թռչելու կամ, Բարոն Մյունհաուզենի պես, սեփական մազերից բռնած ճահճից դուրս պրծնելու գնով: Ի վերջո, բոլորս ենք էսօր միչև գոտկատեղ էդ անիծյալ ճահճում, չարաղետ դրածոներն էլ ձեռքերն են շփում, թե երբ է տիղմը վերջնականապես փակելու իրենց հետ աչքով-աչք չունեցողներիս բերանը: Սրանց հարցեր տալն ու էդ ձևով իբր նեղը գցելն արդեն և վաղուց անիմաստ է, հատկապես՝ գլխավոր չարաղետին: Բոլորիս լավ հայտնի տերերն է՛ն կարգի նեղն են գցել սրան, որ աչքին բան չի երևում՝ սեփական մորթն ու ստացած փողերը փրկելուց բացի: Կապիկությունների շքահանդես է բացել, «չարչու կերպ մտած» ընկել դռնեդուռ՝ «հե՜յ, լավ մանրուք-ասեղ-հուլունք»-բռոշկա-մռոշկա է խաղացնում՝ էն դյուրահավատ խալխի խելքը ևս մի անգամ ուտելու համար: Հիմա արժի՞ սրան լուրջ դեմքով խորաթափանց հարցեր տալ: Որ ի՞նչ: Ցինիզմի դասականներին տված ու անցած, ողջ ու հանգուցյալ բոլոր սոփեստների գլուխը լվացած ենոքավանցու «կուկուռուզին» էլ չեն ձեր սուրսայր «թոթովանքները»: Ինքն ուրիշ խնդիր ունի լուծելու և լավ էլ լուծում է, ընդ որում, նաև ձե՛ր օգնությամբ: Իսկ այ ձեր լռությունից վախենում է մահու չափ, չկասկածեք: Մի անգամ գոնե փորձեք բոյկոտել սրա ասուլիս-մասուլիս, հանդիպում-մանդիպում, այցեր-մայցերն, ու արդյունքը սպասել չի տա: Սա հենց այն դեպքն է, որի մասին ասում են՝ փորձը փորձանք չի: Հավելեմ՝ փորձություն է, որից շահեկան հետևություններ կարելի է անել:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 571

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ